Լուսանցքից դուրս մնացածները. ի՞նչ է սպասվում իշխանական պատգամավորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նորընտիր ԱԺ իշխանական խմբակցությունում կան մարդիկ, որոնք հայտնվել են լուսանցքից դուրս ու տեղյակ չեն, թե իրենց ինչ ճակատագիր է սպասվում: Իշխանական խմբակցությունում այս օրերին թեժ քննարկվում է դեռևս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ապագայի հարցը:

ԱԺ նախագահի աթոռը հանձնվելու է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Միրզոյանին, կարծես թե, Փաշինյանն այդպես էլ իր հավատարիմը չընկալեց: Նրան ո՛չ օրենսդիրում են տեսնում, ո՛չ գործադիրում: Միրզոյանը կա՛մ պետք է համակերպվի պատգամավորական մանդատ ունեցողի իր կարգավիճակի հետ, կա՛մ երկրից դուրս որևէ պաշտոն զբաղեցնի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Միրզոյանը ևս տեղյակ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն. լուռ սպասում է:

Նույն անորոշ վիճակում է նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որին խմբակցությունում դեմ են կրկին տեսնել փոխնախագահի կարգավիճակում: Բացի այդ, Լ. Նազարյանի ամուսինը` Նարեկ Բաբայանը, որը անակնկալ ազատվել էր Անշարժ գույքի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, ՔՊ նախընտրական ցուցակի 71-րդ համարն է ու պատգամավոր է դարձել:

Այսինքն՝ Նազարյանի ընտանիքից երկու հոգով պատգամավոր են դարձել, ինչը թիմում չի ընդունվում: Նրանցից մեկին կստիպեն հրաժարվել պատգամավորական մանդատից: Անհասկանալի ճակատագիր է սպասվում նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին: Նրան էլ չեն ցանկանում խմբակցության քարտուղարի պաշտոնը տալ. Սիմիդյանը ՔՊ նախընտրական ցուցակի 74-րդ համարն է, և չի բացառվում՝ նրան էլ ստիպեն վայր դնել մանդատը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

նյութի աղբյուր՝ mamul.am