Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ժառանգության մասին. ուշագրավ կոչ Փաշինյանի Մոսկվա այցից առաջ

Սերժ Սարգսյանը ռուսական Սպուտնիկ գործակալությանը հոդված է տրամադրել, որտեղ անդրադարձել է Կազանի գործընթացին և դրա տապալմանը:

Սարգսյանը թեմային անդրադարձել է տասը տարի անց: Ըստ էության, հոդվածում շարադրված է այն, ինչը այս կամ այն կերպ, տարբեր մասերով, Սարգսյանը ասել էր իր նախագահության ընթացքում, հատկապես ապրիլյան քառօրյայից հետո: Հրապարակված հոդվածում հատուկ ուշադրության արժանի է թերևս երկու դրվագ:

Նախ, Սերժ Սարգսյանը որոշել է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից իրեն մնացած ժառանգությանը: Նա որոշել է համեմատել Կազանի փաստաթուղթը այսպես ասած մադրիդյան փաստաթղթից, որ մնացել էր Ռոբերտ Քոչարյանից:

Մադրիդյան սկզբունքները ներկայացվել են կողմերին 2007 թվականի նոյեմբերի վերջին, Մադրիդում, որտեղ ԵԱՀԿ արտգործնախարարների հավաք էր: Այլ կերպ ասած, մադրիդյան փաստաթուղթը Ռոբերտ Քոչարյանը որպես բանակցային հիմք ընդունել է իշխանությունը կամ նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանին թողնելուց 4-5 ամիս առաջ:

Այդ առումով, առիթ եմ ունեցել տարբեր հոդվածներով դիտարկելու, թե ինչո՞ւ երկրորդ նախագահը չօգտվեց իր այսպես ասած «կաղ բադիկ»՝ այսինքն հեռացող նախագահ լինելու հանգամանքից և չհրաժարվեց մադրիդյան փաստաթուղթը, մադրիդյան սկզբունքները ընդունելուց, շահելով ժամանակ և թողնելով դա արդեն նոր նախագահին:

Սերժ Սարգսյանն իր հոդվածում անդրադառնալով Կազանի և Մադրիդի այսպես ասած տարբերությանը, նշում է. «2007 մադրիդյան փաստաթղթում առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշել Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումն արտացոլող պլեբիսցիտի միջոցով:

Միևնույն ժամանակ հղում էր կատարվում Արևմտյան Սահարայի հարցով միջազգային դատարանի 1975 թվականի խորհրդատվական եզրակացությանը, ինչքը Բաքվում գնահատում էին որպես «նեվերենդում» անվանելու առիթ՝ նկատի ունենալով, որ այն երբեք չի կայանա, ինչպես և Արրևմտյան Սահարայում:

Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պնդում էր, որ պլեբիսցիտը երբեք չի կարող իրավական ուժ ունենալ»: Սարգսյանը շարունակում է, որ Կազանում արդեն ոչ միայն չկար հղում Արևմտյան Սահարային, այլևս ամրագրված էր, որ Արցախի կարգավիճակը կորոշվի Արցախի բնակչության հանրաքվեով և այն կունենա իրավական պարտադիր ուժ:

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը Կազանի պլանի ձախողման տասնամյակի առիթով հոդված հրապարակում, որտեղ հարկ է համարում ընդգծել Ռոբերտ Քոչարյանի թողած վատ ժառանգությունը և այն, որ ինքը բարելավել է այն: Ընդ որում, ակնառու է, որ ընդհանրապես Կազանի պլանի մասին խոսելու համատեքստում թերևս կարիք չկա համեմատել այն 2007 թվականի փաստաթղթի հետ, և համեմատությունը վկայում է, որ հոդվածի բուն նպատակը կամ մոտիվը գուցե հենց այդտեղ է:

Ռոբերտ Քոչարյանը հարկ կհամարի՞ անդրադառնալ Սերժ Սարգսյանի այդ հոդվածին, պատասխանելով նրան թողած ժառանգության մասին թափանցիկ ակնարկին:

Մյուս հանգամանքը, որ արժանի է ուշադրության, հոդվածում Սերժ Սարգսյանի կոչն է միջազգային հանրությանը՝ չճանաչել Արցախի դեմ պш տերш զմի արդյունքը:

Բանն այն է, որ չճանաչել արդյունքը, չի նշանակում լոկ չճանաչել Հադրութի, Շուշիի և անվտանգության գոտիների թուրք-ադրբեջանական օկուպացիան: Ի վերջո, դա պш տերш զմի արդյունքի մի մասն է միայն և հազիվ թե քաղաքական փորձառությամբ Սերժ Սարգսյանը արդյունք ասելով չպատկերացնի դրա ամբողջ ռազմա-քաղաքական տողատակը, որտեղ բուն շերտը ռուս-թուրքական ձևաչափն է և դրանով պարտադրված ռեգիոնալ նոր իրողությունը:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը ռուսական գործակալությանը տրամադրած հոդվածում կոչ է անում միջազգային հանրությանը չճանաչել ռուս-թուրքական ձևաչափը:

Հատկանշական է, որ հոդվածը նախորդում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցին:

նյութի աղբյուր՝ www.1in.am