«Ես մեղավոր չեմ». Սերժ Սարգսյան

Դատական նիստի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, ասաց, որ «այն կեղծ է ու դատարակ՝ շարադրված գործից անտեղյակ մարդկանց կողմից». «Մոգոնվել է ՀՔԾ-ի, հաստատվել դատախազության կողմից՝ քաղաքական պատվերի շրջանակներում… Ես մեղավոր չեմ»,- նշեց նա:

Ինչպես հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում սկսվել է դատաքննության փուլը:

Հիշեցնենք, ըստ ՀՔԾ-ի, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝

գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:

նյութի աղբյուր՝mamul.am