Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում սկսվել է դատաքննության փուլը:

Իրավաբան.net-ին ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ,

ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հավելենք նաև, որ գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը (2021 թվականի փետրվարի 18-ին) և Սամվել Գալստյանը (2021 թվականի հունվարի 10-ին) մահացել են կորոնավիրուսի հետևանքով։

նյութի աղբյուր՝ iravaban.net