Շատ եմ ափսոսում, որ գոնե տղայի անունը չհարցրի, թե չէ հիմա ասելիքս կունենար հասցեատեր․ապրի քո մայրը, տղա ջան, որին քո թեթև ձեռքով ինձ քույր դարձրիր․․․

«Մորքուր, թռանք»))

Ուզում եմ պատմել մի միջադեպի մասին, որը հիշելիս պայծառանում եմ, ժպիտ է հայտնվում դեմքիս։ Ինչ վերադարձել եմ տուն, բոլորին պատմում եմ այդ մասին))։

Չէի սպասում, որ Երևանում այս կագի խցանումներ կլինեին։

Կապ չուներ աշխատանքային ժամ է, թե՝ հանգստյան օր, նույն կարգի դժվար երթևեկելի էր։

Մի անգամ գնումներ կատարեցի բանջարեղենի կրպակից հույս ունենալով, որ տաքսիով կհասնեմ տուն։ Աշնանային Հայաստանիս բերք ու բարիքին բոլորդ եք ծանոթ, գայթակղված ամեն ինչից մեկ-երկու կիլոգրամ գնեցի ու արդյունքում ․․․կանգնել եմ մայթին մի քանի ծանր տոպրակներ կողքերս դրած ու փորձում եմ տաքսի կանգնեցնել։

Դատարկ անցնող տաքսիների վարորդները չեն էլ փորձում գոնե չտեսնելու տան․ խնդրող հայացքիս ի պատասխան անտարբերությամբ թափահարում են գլուխները ու ամենախոս հայացքներից կամ ձեռքերը կողմ բարձրացնելուց հասկանում ես ասելիքները․ «Բագաժնիկումս գազի բալոն ա, հո գլխիս չե՞մ դնելու վեշերդ, քուր ջան»։

Հիշեցի, որ հեռախոսիս մեջ U տաքսիի հավելված կա քաշած։ Հայտնաբերումիցս ուրախացած զանգահարեցի։ Մի քիչ հետո ընդունվեց պատվերը։ Կանգնած սպասում եմ ու հետն էլ մտածում, որ հենց ինձ տեսնի վարորդը, հաստատ չեղյալ կհամարի պատվերը))։ Մեկ էլ զանգ եկավ ու վարորդը հարցրեց, արդյո՞ք կարող եմ անցնել հանդիպակած մայթ։

Ասացի, որ ծանր են տոպրակներս, չեմ կարող։ Ասեցի ու անմիջապես էլ մտածեցի, որ ՝ վերջ, սա էլ կհրաժարվի։

Մի երկու րոպե չէր անցել, դիմացի մայթից, մեքենաների արանքներով մի երիտասարդ արագ մոտեցավ ինձ, սկսեց հավաքել տոպրակներս ու հետն էլ ասեց․ «Մորքուր, թռանք, մեքենաս հարմար տեղ չեմ կանգնացրել, եթե անցնեի էս կողմ, էսօր տեղ չէիր հասնի»)))։

Կռացա, որ մի երկու տոպրակ էլ ես վերցնեմ, տղան վրա բերեց․ «Մորքուր ջան, ծանրներին ձեռք չտաս, ես կվերցնեմ, դու լավաշը վերցրու, հերիք ա »։

Քթիս տակ ժպտալով «մորքուրի» վրա ,արագ հետևեցի երիտասարդին, որը մեքենաների արանքով , ծանր տոպրակները ձեռքին, անցնում էր փողոցի հանդիպակած մասը։

Մերթընդմերթ կանգնում էր մեքենաների դիմաց, որ ես անցնեմ, նոր ինքը գա հետևիցս։ Խնամքով տեղավորեց տոպրակները մեքենայի ետնամասում ու ասեց ․ «Մորքուր, դու պտի առաջը նստես, հետևը նստելու վարիանտ չկա, քեզ նեղվածք կըլնի»։ Ես խելոք տեղավորվեցի ու սովորությանս համաձայն փորձեցի ամրագոտիս գցել։

«Մորքուր ջան, դրա կարիքը չկա»։ Ուրիշ ժամանակ անպայման կանտեսիեի վարորդի ասածը, բայց հիմա չարեցի, հասկացա, որ այս լավ տղայի հետ ոչինչ չի կարող ինձ պատահել։ Զրուցելով հասանք տուն։ Ինքն իջեցրեց իրերս, վերջում էլ ավելացրեց․ « Մորքուր ջան, լավ մնա» ու գնաց։

Պարզ, հասարակ մի երիտասարդ, որը նույնիսկ Դուք-ով չդիմեց իր մոր տարիքի կնոջը, բայց դա չխանգարեց, որ ամեն անգամ այս միջադեպը հիշելիս շնորհակալական ժպիտ հայտնվի դեմքիս։ Շատ եմ ափսոսում, որ գոնե տղայի անունը չհարցրեցի, թե չէ հիմա ասելիքս կունենար հասցեատեր։

Ապրի քո մայրը, տղա ջան, որին քո թեթև ձեռքով ինձ քույր դարձրեցիր։ Ապրես, մորքուրի տղա)))։

Էլյա Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից

նյութի աղբյուր՝ armnice.ru