Երևանի քաղաքապետարանի խոսնակը զգուշացնում է, որ կարգազանց վարորդները կեարնթկվեն պատասխանատվության։

Այսուհետ Երևանի երթուղայինների ու ավտոբուսների վարորդների խցիկը չպետք է զարդարված լինի տարատեսակ խաղալիքներով, զարդերով, սրբապատկերներով։ Նման որոշում է կայացրել Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ում տեղեկացրել է որոշման մասին։

«Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլևայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթ հիշեցնող տարրերով։

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները և վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել», — գրել է նա։

Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության, տեղեկացնում է քաղաքապետարանի խոսնակը։

նյութի աղբյուր՝ armeniasputnik.am