«Ով համայնքային բյուջեից փող է կերել, դեղերի վրա ծախսի»․ Մեղրիի համայնքի ղեկավար

«Առավոտ»-ի աղբյուրների տեղեկություններով, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն իր պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 2008թ-ից մինչ օրս, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ,

կեղծ աճուրդներ կազմակերպելու եղանակով իրեն փոխկապակցված անձանց անվամբ ձեռք է բերել Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի տարբեր հասցեներով գտնվող անշարժ գույքեր, ինչի հանգամանքներով նյութեր են նախապատրաստվում։

«Տեղյակ չեմ, ոչինչ չեմ կարող ասել։ Լսել եմ, որ մարդկանց կանչում են, հարցուփորձ են անում, բայց դրանք իրենց գույքն է։

Մարդիկ գնել են»,–Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Զաքարյանը։ Նույն աղբյուրի համաձայն, նյութեր են նախապատրաստվում նաեւ, թե 2018-2020թթ. ընթացքում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից Մեղրիի համայնքապետարանին տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով փոխանցվել է շուրջ 138.717.042 դրամ, սակայն նշված ծրագրերն իրականացվել են ոչ ամբողջ ծավալներով և այդ կերպ հնարավոր է վատնման կամ յուրացման եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Զաքարյանի խոսքով, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը տարեկան 36 մլն դրամ ֆինանսավորում է, որը մտնում է համայնքային բյուջե։

«Կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում՝ ասֆալտապատում, նորոգում եւ այլն, որի ժամանակ նշում ենք մեր համաֆինանսավորման աղբյուրը, դա կլինի համայնքային ֆոնդային բյուջեից, թե բարերարների կողմից, թե այլ աղբյուրներից։

Հիմա, որը արվել է կոմբինատի կողմից նշվել եւ ներկայացվել է կառավարություն»,–ասաց Մխիթար Զաքարյանը։ Վերջինիս խոսքով, ինչքան իրենք են իրականացված ծրագրի համար հսկողություն իրականացնում, այնպես էլ կառավարությունը, մասնավորապես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։

նյութի աղբյուր՝ www.aravot.am