Առաջիկայում կհայտարարենք Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթը, ԵՄ-ն պատրաստ է այստեղ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել. Փաշինյան

ԵՄ-ի կողմից 2,6 մլրդ եվրոյի աջակցության ծրագրերից է Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այդտեղ նախատեսվում է նախնական 80 մլն եվրոյի ծրագրեր իրականացնել: Այնտեղ ամենատարբեր նոր գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման մասին է խոսքը: Այնտեղ ջրի, արոտավայրերի հասանելիության հետ կապված խնդիրներ կան, ենթակառուցվածքների խնդիրներ կան: Կարծում ենք՝ հարավային շրջանները հատկապես տուրիզմի շատ մեծ ներուժ ունեն եւ այս ոլորտում տույնպես պետք է աջակցություն ցուցաբերվի:

Հաջորդ ուղղությունը Հյուսիս-Հարավ ծրագիրն է: Մենք առաջիկայում կհայտարարենք Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթը, որտեղ թունելներ ու կամուրջներ կան: Ընդ որում, դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարությունը, եւ ԵՄ-ն պատրաստ է այստեղ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել», ասաց Փաշինյանը:

նյութի աղբյուր՝ www.lragir.am