«Ալիևին չի հաջողվում միջազգային կոնսենսուսի հասնել «Զանգեզուրի միջանցքի» հարցում». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունները մի բանի վկայությունն են՝

. Ալիևին չի հաջողվում միջազգային կոնսենսուսի հասնել «Զանգեզուրի միջանցքի» հարցում,

. Չի հաջողվում Մինսկի խմբի համանախագահ երկրներին բերել «Զանգեզուրի միջանցքի» օրակարգի քննարկմանը և ձեռք բերել Հայաստանին այդ օրակարգը պարտադրելու համաձայնություն:

. Չի հաջողվում Հայաստանին թողնել այդ օրակարգի դեմ մենակ:

Հայաստանը շարունակում է մերժել որևէ «միջանցքի» քննարկում: Իսկ դա արել է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, Քի Վեսթում, կարգավորման այն տարբերակներում, որ քննարկվել են, և Քոչարյանն ինքն է խոստովանել քննարկելու հանգամանքը:

Ալիևը ներկայումս հղում է անում հենց բանակցային գործընթացի այդ պատմություններին՝ ի պատասխան կարգավիճակի հարցի վերաբերյալ թե՛ հայկական, թե՛ նաև համանախագահ երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի և ԱՄՆ հայտարարությունների:

Հայաստանի համար ներկայումս խնդիր է անել առավելագույնը, որ Ալիևի մոտ չստացվի այդ հարցում Հայաստանի դեմ «կոալիցիա» ձևավորել նաև ապագայում: Անիրատեսական է մտածել, որ Հայաստանին կհաջողվի «կոալիցիա» ձևավորել Բաքու-Անկարա տանդեմի դեմ, եթե նույնիսկ դիտարկենք, որ տեղ-տեղ այն տրիո է՝ Ռուսաստանի հետ, բայց Երևանին պետք է հնարավորինս բազմազանեցնել շահերի կուտակումը Սյունիքի շուրջ, այդպիսով հնարավորինս ընդլայնելով «միջանցքի» օրակարգի մերժման շուրջ իր գործընկերային ու դաշնակցային աշխատանքի ուղղությունների շրջանակը:

Իսկ շահերը բազմազանեցնելու համար, Հայաստանին որպես հիմք անհրաժեշտ է հնարավորինս կենտրոնացնել հայկական, համահայկական ռեսուրսները, աշխարհում հայկական և պրոհայկական լոբբիստական բոլոր խմբերը և ձևավորել Սյունիքում բավականին խիստ համահայկական օրակարգ, դրանից հետո արդեն այն, այսպես ասած, աշխարհաքաղաքական ճյուղավորումների ենթարկելու հնարավորությամբ»:

նյութի աղբյուր՝ mamul.am