Բարոյականության հիմքը սերն է․ Տեր Վահան քահանա Առաքելյան

Բարոյականության չափանիշները սովորեցրել է մեր Տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսը:

Հիսուս Քրիստոսը Մատթեոսի Ավետարանում ասում է. «Պետք է սիրես քո Տեր Աստծուն և պետք է սիրես քո ընկերոջը քո անձի պես»:

Իրավաբան․net-ը «Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում բարոյականության չափանիշների մասին զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ:

Հոգևորականի խոսքով, երբ որ մարդ արարածն իր ողջ էությամբ, իր գիտակցությամբ, ամբողջ սիրով կապված է իր Արարչի հետ, և աստվածային յուրաքանչյուր խոսք, պատգամ իր համար կարևոր է և ապրում է ըստ այդմ, բնկանաբար սեր է ցուցաբերում իր նմանի հանդեպ, իր ընկերոջ հանդեպ, այնպես՝ ինչպես կսիրի ինքն իրեն: Եվ բարոյականության հիմքն է սերը, որ մեզ սովորեցրել է Աստված: Սիրող մարդը երբեք անբարո արարք թույլ չի տա իրեն, երբեք չարություն չի անի, երբեք մեզք չի գործի: Եվ սերը կատարյալ պետք է լինի, բացարձակ պետք է լինի:

-Ո՞րն է քրիստոնյայի բարոյականության չափանիշը և ինչպե՞ս է դա տեղավորվում եկեղեցու կոնտեքստում:

-Եկեղեցին աստվածահաճո կառույց է աշխարհի վրա: Եվ եկեղեցին քարոզում ու բերում է Քրիստոսի բերած վարդապետությունը, և եկեղեցու դերակատարումը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքում, որովհետև եկեղեցու միջոցով մենք հասկանում ենք, ընկալում ենք աստվածային այն ճշմարտությունները, որ մեզ սովորեցրեց Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի կյանքին հետևելով՝ մենք տեսնում ենք բացարձակ սեր, ուշադրություն մարդու նկատմամբ:

Եվ այս իմաստով կարող ենք ասել, որ Քրիստոսը բացարձակ սիրո մարմնավորում էր, որ հնարավորություն տվեց մարդուն ճանաչելու իսկական սերը, աստվածային սերը, և նաև ասաց, որ յուրաքանչյուր մարդ աստվածային այդ սիրո կրողն է: Եվ երբ յուրաքանչյուր մարդ կարողանում է եկեղեցու միջոցով քրիստոնեական այդ արժեքներն իր կյանքի մեջ ունենալ և այն արտահայտել կյանքում՝ կդառնա քրիստոնեկան բարոյականության չափանիշների կրողը:

-Մարդը ծնվո՞ւմ է բարոյական, թե դա նրա մեջ սերմանում է շրջապատը, ընտանիքը, հասարակությունը:

-Մարդը ծնվում է բարոյական, ծնվում է բարի ու անմեղ: Բացառությամբ ադամական մեղքի, որ յուրաքանչյուր մարդ իր հետ աշխարհ է բերում ծնվելով և այդ մեղքի կրողն է այնքան ժամանակ, քանի դեռ չի մկրտվել: Մկրտվելուց հետո ազատվում է ադամական մեղքից: Հետո, աշխարհի մեջ ապրելով՝ վերցնում է մեղքեր, տարբեր արարքներ, սովորություններ, մտածմունք, գիտակցություն, զբաղմունք, որոնք իրեն հեռացնում են Աստծուց:

-Արդյո՞ք հասարակությունը հեռացել է այդ արժեքներից:

-Հասարակությունը միշտ այդ արժեքների կրողն է: Չենք կարող բացարձակ կերպով ասել, որ մեր հասարակությունն այսօր, երեկ կամ վաղը հեռացել է այս արժեքներից: Այդ արժեքները միշտ կան մեր հասարակության մեջ: Մենք քրիստոնյա ենք, մենք Աստծուն հետևող հասարակություն ենք ու ապրում ենք այս արժեքներն ունենալով: Պարզապես հնարավոր է, որ որոշ մարդիկ ժամանակի ընթացքում հեռանան այն արժեքներից ինչն իրենց էությունն է և հայտնվեն Աստծուն չտանող ճանապարհի վրա:

-Երբ ոչ բարոյական երևույթներն օրինականացվում են, եկեղեցին դրա դեմ ինչպե՞ս է պայքարում և արդյո՞ք եկեղեցին ունի իրավունք՝ դրա դեմ պայքարելու:

-Եկեղեցին դարեր շարունակ իր առաքելությունն է իրականացրել մեր ժողովրդի կյանքում: Եկեղեցու կյանքին, ընթացքին, երբ որ հետևենք պատմության էջերի մեջ, կտեսնենք, որ եկեղեցին միշտ մնացել է իր սկզբունքների կրողը: Այն սկզբունքների՝ ինչը որ տվել է Աստված: Եվ եկեղեցին իր սկզբունքները, հավատքի ճշմարտությունները, Հավատամքը սովորեցնելով՝ ջանում է մարդկանց հեռու պահել մոլորություներից, մեղքից ու սխալներից: Եվ ես կածում եմ՝ սա լավագույն պայքարն է՝ մարդուն ուսուցանել, սովորեցնել, թե որն է լավը, որը՝ վատը:

-Եկեղեցին ինչպե՞ս է պահպանում բարոյական օրենքների կարգավորումը, կա՞ն արդյոք պատիժներ:

-Եկեղեցին միշտ գտնվում է բարոյական ընթացքի մեջ: Եկեղեցին իր առաքելությամբ սեր է քարոզում մարդու կյանքում: Երբ որ անդրադառնանք աստվածաշնչյան պատգամներին, կտեսնենք, որ դրանց խախտումը, չկատարումը հեռացումն է հավատքից, իսկ հավատքից հեռանալ, նշանակում է բարոյականությունից զուրկ լինել: Հավատքը մեզ օգնում է, որպեսզի քրիստոնեական բարոյականության չափանիշները գիտակցենք և հեռու մնանք մեղքերից:

-Փոխվում են ժամանակները, արդյո՞ք դրա հետ փոխվում են բարոյականության չափանիշները:

-Ժամանակներն այո, փոխվում են, բայց բարոյականության չափանիշները երբեք չեն փոխվում, որովհետև Աստված երբեք չի փոխվում՝ իր էությամբ, իր զորությամբ, իր փրկագործ առաքելությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

նյութի աղբյուր՝ iravaban.net