Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է հասկանա տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան՝

մեկնաբանելով հուլիսի 9-ին Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից բողոքի նոտայի հղումը։

«Հայաստանի ԱԳՆ-ի այս քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը դեռ միջազգային իրավունքին հակասող և տարածքային պահանջների վրա հիմնված դիրքորոշում է ցուցաբերում։ Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հայաստանը ոչ միայն իրավունք չունի բողոք հայտնելու, այլև չի կարող մեկնաբանել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող տարածք կատարված որևէ այց։

Շուշին արդեն ազատագրվել է և, ինչպես մյուս ազատագրված շրջանները, Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Այստեղ այցելություններ իրականացվում են և կիրականացվեն։ Վերականգնողական աշխատանքներ են անցկացվում և քաղաքի օրինական տերերը շուտով կվերադառնան իրենց տները։

Թվում է, թե Հայաստանի ԱԳՆ-ում ղեկավարության բացակայությունն անդրադառնում է նաև այդ մարմնի կողմից պատրաստած փաստաթղթերի վրա»,- հայտարարել է Աբդուլաևան։

նյութի աղբյուր՝ besttimes.ru