Ռուսաստանը Թուրքիային հորդորում է չկործանել իրեն

Ռուսաստանի փորձագիտական շրջանակները հուշում են Թուրքիայի նախագահ Էրդողանին, որ կանգնել է «կայսրությունների գերեզմանի» ճանապարհին: Այդպես է բնութագրվում Աֆղանստանը և այդ մասին Էրդողանին հիշեցնում են ռուսական փորձագիտական-ծրագրավորման դաշտի ծանր քաշայինները, մասնավորապես արևելագիտության և Թուրքիայում աշխատանքի մեծ փորձ ունեցող, պատմաբան Ստանիսլավ Տարասովը, որը ծնունդով Ադրբեջանից է և ուսանել է Բաքվում:

Աֆղանստանը Սիրիա չէ, Լիբիա չէ, Լեռնային Ղարաբաղ չէ, Թուրքիայի նախագահին հուշում է Տարասովը, փաստորեն ակնարկելով, որ պետք է կանգ առնել Լեռնային Ղարաբաղում: Ինչու է Ռուսաստանի ծանր քաշային փորձագիտական հանրությունը մտահոգ Էրդողանի և թուրքական կայսրության ճակատագրով:

Պատճառը թերևս այն է, որ չկա թուրքական կայսրություն՝ չկա ռուսականը: Ընդ որում, Ստանիսլավ Տարասովն ինքը բազմիցս ելույթ է ունեցել այդ թեմաներով, ընդհուպ խոսելով այն մասին, որ հենց ռուսական կայսրության Գլխավոր շտաբն է թուրքական վերնախավի շրջանում ներդրել Մեծ Թուրանի գաղափարը, որպեսզի այդպիսով իր կառավարման տակ պահի նաև այդ Թուրանի ճանապարհին գտնվող ժողովուրդներին՝ այդ թվում Կովկասից մինչև միջինասիական ռեգիոն: Ընդ որում, այդ տեխնոլոգիայի «հմուտ» և հետևողական կիրառումը իր վրա զգում է հայ ժողովուրդը, արդեն ավելի քան դար, այդ թվում ցեղասպանության և պատերազմների ծանր ու ողբերգական ազդեցությամբ:

Թուրքական «խժռման» վտանգը Ռուսաստանին թույլ է տալիս Հայաստանը խժռել սահուն կերպով, պահեպով հավերժական ազդեցության դաշտում և Հայաստանի միջոցով տարատեսակ պայմանավորվածությունների գալ Թուրքիայի հետ, հայկական շահերն օգտագործելով մանրադրամ:

Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի հանդեպ ռուսական այդ տեխնոլոգիան շարունակում է մնալ կենսունակ, սակայն իր կենսունակությունը հիմնավորապես կորցրել կամ կորցնում է մնացյալ ժողովուրդների և ռեգիոնների հանդեպ: Թուրքական կայսերական հավակնությունները այլևս կառավարվում են ոչ թե ռուսական կայսրությունից, այլ թերևս Արևմուտքից, ինչի վկայությունը հենց Աֆղանստանի հարցում պայմանավորվածությունն է:

ԱՄՆ-ը հայտարարում է, որ լուծել է իր խնդիրը Աֆղանստանում՝ և դուրս է գալիս, իր փոխարեն փաստորեն այնտեղ «պարեկությունը» վերապահելով Թուրքիային: Էրդողանն էլ իր հերթին Բայդենի հետ հանդիպմանը քննարկում է այդ դերն իրացնելու պայմանը, ասելով, որ չեն կարող անել դա, եթե ամերիկացիները չցուցաբերեն համապատասխան աջակցություն: ԱՄՆ Թուրքիայի հետ քննարկում է այդ աջակցության հարցը: Մոսկվան, ի պատասխան, փորձում է պայմանավորվել Թալիբանի հետ, բայց լավ հիշելով թերևս, որ դեռևս ամիսներ, թե տարի առաջ Թալիբանի հետ պայմանավորվել է ԱՄՆ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ այդ ահաբեկչական որակվող կառույցի քաղաքական թևի գրասենյակն է:

Մի կողմից փորձելով իր հերթին պայմանավորվել Թալիբանի հետ, Ռուսաստանը հուշում է Թուրքիային՝ Էրդողանին, որ Անկարան մղում են Աֆղանստան «ոչնչացման»: Անշուշտ, Էրդողանի կամ Թուրքիայի ճակատագիրը չէ, որ մտահոգում է Ռուսաստանին:

Ամբողջ հարցն այն է, որ Ռուսաստանը հայտնվել է մի վիճակում, երբ ծուղակ է երկու դեպքում էլ՝ Աֆղանստանում թե Թուրքիայի հաջողելու, թե տապալվելու դեպքում: Եթե Թուրքիան հաջողի, ապա դա նշանակելու է Ռուսաստանի «դարաշրջանի» ավարտ, եթե տապալվի, ապա դարձյալ անխուսափելի է լինելու ՌԴ տապալումը, որն իր ռազմավարական քաղաքականությունը էապես շաղկապել է Թուրքիայի հավակնությունների վրա կառուցված խաղին: Հետևաբար, քանդվի այդ հավակնությունը, քանդվելու է ռուսական խաղը: Ահա թե ինչու են Մոսկվայից Էրդողանին հորդորում բավարարվել Լեռնային Ղարաբաղով:

նյութի աղբյուր՝ www.1in.am